«Երեխայիև ընտանիքի զարգացման կենտրոն» ԲՀԿ (Child and family development center NGO ) -ի գործադիր տնօրեն, լրագրող, սցենարիստ Մարի Եգորի հետ անցկացված զրույցից հետո շատերը կարող են ապրելու և արարելու ուժ գտնեն իրենց մեջ: Այս ամենից զատ նա կարողանում է ժպտալ:
«Անկեղծությունը ստվերում» նախագծի շրջանակներում մեր զրուցակիցն է Մարինե Եգորյանը, նույն ինքը՝ Մարի Եգորը:
Մարի, տեղյակ ենք, որ կազմակերպության ո՛չ միայն գործադիր տնօրենն եք, այլև համարվում եք հիմնադիրներից մեկը: Կասեք, թե ինչպե՞ս որոշեցիք ստեղծել ԵԸԶԿ ԲՀԿ-ն:
Յուրաքանչյուր մարդ իր կյանքում ապրելու և արարելու ձգտում ունի և այդ ձգտումն իր ետևում ունի թաքցրած մի շարք պատճառներ: Իմ դեպքում աղջիկս է, ապրելուս խթանիչ ուժը: Դուստրս 12 տարեկան է արդեն և ունի մանկական ուղեղային կաթված (ДЦП): Եվ հենց նրա շնորհիվ է, որ փորձում եմ իր նման բալիկների կողքին լինեմ և աջակցել նրանց ընտանիքներին: Արդեն շուրջ 4 տարի է մենք ունենք կազմակերպություն, որը տարատեսակ ծառայություններ է մատուցում, որոնք կատարում ենք բարերարների շնորհիվ:
Նշեցիք, որ մինչ կազմակերպության բացվելը, շուրջ 4 տարի՝ ինչպես Ձեր, այնպես էլ բարերարների օգնությամբ, կազմակերպել եք միջոցառումներ: Թույլ տվեք պարտադիր կերպով առանձնացնել հունիսի 1-ը և դեկտեմբերի 31-ը՝ Ամանորը: Հետաքրքիր է իմանալ, ինչպիսի՞ խնդիրների եք հանգում նմանատիպ միջոցառումներ իրականացնելու ժամանակ:
Շատ լավ հարց էր, շնորհակալ եմ հարգելի Արամ: Սովորաբար ՄՈՒԿ-ով ախտորոշված երեխաներն ունեն շատ-շատ խնդիրներ: Մենք ունենք ծնողավարության խնդիր, երեխաները շատ պասիվ են՝ ինտեգրված չեն հասարակության մեջ, և ահա այս միջոցառումները կազմակերպելու ժամանակ, հենց այսօրինակ խնդիրներին ենք բախվել: Փաստեմ, որ տարիներ հետո մենք հասանք մեր գերագույն նպատակներից ևս մեկին, այն, որ երեխաները մեզ հիշում են և սիրով սպասում են մեր այցելություններին:
Լինելով մի քանի ոլորտներում՝ կայքի գլխավոր խմբագիր, սցենարիստ, ԵԸԶԿ ԲՀԿ-ի գործադիր տնօրեն՝ այսպես կարող եմ անվերջ թվել, ինչպե՞ս եք համատեղում Ձեր առօրյան և աշխատանքը:
Առօրյաս շատ բազմազբաղ է, բայց կարող եմ մի բան ասել: Կյանքում այն ամենն ինչ արվում է սիրով, անպայման նախ արդյունավետ է լինում, կարողանում ես արածդ գործը հասցնել մինչև վերջ, և այդ ծանրաբեռնած գրաֆիկդ և բազմազբաղվածությունդ կարողանում ես դարձնել կենսակերպ: Ես սովորել եմ հագեցած օրերի, և, եթե օրս մի փոքր թեթև է անցնում, դրան համակերպվել չեմ կարողանում: /ժպտում է/
Գիտենք նաև, որ ունեք երկու երեխա՝ տղա և աղջիկ: Քաջ առողջություն մաղթելով աշխարհի բոլոր փոքրիկներին, կցանկանայինք առանձնացնել նաև Ձեր աղջկան՝ Նարեին, ում մոտ ևս ախտորոշված է մանկական ուղեղային կաթված (ДЦП) ինչպես, որ նշեցիք: Որպես ծնող, ինչպիսի՞ խնդիրների եք հանդիպում, և արդյո՞ք կան օգնող անձիք:
Աստված պահապան լինի աշխարհի բոլո՜ր մանուկներին: Թող նրանք մի՛շտ ժպտան և լինե՛ն առողջ: Համոզված եմ այս կարգախոսով ենք առաջնորդվում բոլորս: Այո՛, իմ աղջիկը ևս ունի ՄՈՒԿ ախտորոշումը, սակայն վերջին երկու տարիների ընթացքում բախվել ենք ավելի մեծ խնդրի՝ խոսքս երիկամների միզաքարային հիվանդության մասին է: Պարբերաբար ստուգումների ժամանակ հայտնաբերում ենք խոշոր չափսերի քարեր, իսկ դա էլ ավելի է բարդացնում մեր աշխատանքը, բայց այնուամենայնիվ Աստծո զորությամբ փորձում ենք ժպտալ և անցնել առաջ:
Վերադառնանք Ձեր թույլտվությամբ կազմակերպության ծրագրերին: Ինչպիսի՞ նախագծեր եք իրականացրել մինչ օրս:
Այս պահին իրականացնում ենք «Ապահովությունը և գիտելիքը կայուն ապագայի երաշխիք» ծրագիրը, որը հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ -ի և «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Իրականացրել ենք՝ իրազեկման, երեխաների ինտեգրման և սոցիալական ոլորտի հետ առնչվող ծրագրեր: Համագործակցություն է եղել նաև միացյալ նահանգներում Հայ առաքելական եկեղեցու հետ, ինչպես նաև ՀՕՄ-ի Հրազդանի մասնաճյուղի հետ: Կարճ ասած, տարբեր համագործակցությունների ընթացքում փորձել ենք օգտակար լինել շահառու ընտանիքներին:
Իսկ ի՞նչ նորությունների կարող ենք սպասել:
Հայտնի ֆիզիկոս Անրի Բեկկերելը մի առիթով ասել է. «Սեփական աշխատանքներս ինձ բերեցին Աստծուն, հավատքին»: Ամեն կիրակի Դուք մասնակցում եք Հայ Առաքելական եկեղեցու կողմից մատուցվող Սուրբ և անմահ պատարագներին՝ երգելով երգչախմբում: Ի՞նչ է Ձեզ համար հավատքը:
«Հավատքն է հուսացած բաների հաստատությունը և չերևացող բաների ապացույցը, որովհետև նրանով առաջինները վկայություն ընդունեցին»: (մեջբերում Աստվածաշնչից)
Հավատքը իմ կյանքի շարժիչ ուժն է և նեղ ու լայն օրերիս միակ բալասանը:
Մարի, ունենք նաև բլից հարցեր, որոնց ևս կցանկանայինք պատասխանեք:
Գիրք, որը պետք է պարտադիր կարդալ:
Բնականաբար Աստվածաշունչ, քանզի այն իմ սեղանի միակ գիրքն է, որ ամեն օր կարդում եմ:
Սեր, հավատք, թե՞…
Կավելացնեմ միայն՝ Հույս
Եթե աշխարհ գայիք որևէ կենդանու կերպարանքով, ո՞ր կենդանուն կնախընտրեիք:
ՄԱՐԴ կենդանուն /ծիծաղում է/
Ինչպե՞ս եք կարողանում այդքան խնդիրների մեջ ժպտալ:
Հարց, որը ինքներդ Ձեզ եք հաճախ տալիս:
Ամեն օր քնելուց առաջ ինքս ինձ հարց եմ տալիս. «Ի՞նչ չարեցի, ի՞նչը կիսատ թողեցի այսօր, ի՞նչ կարող էի անել և չարեցի», իսկ հաջորդ օրը փորձում եմ շտկել, չէ որ կյանքը կարճ է, ապրենք այնպես, կարծես դա մեր վերջին օրը պետք է լինի:
Շնորհակալություն հարցազրույցի համար:
Комментариев нет:
Отправить комментарий