пятница, 20 июля 2018 г.

Արևիկ Թերզյան-բանաստեղծություններ

Քո ներկայացումը՝ տեսնել ու լսել,
Ինձ համար մի մե՜ծ երջանկություն էր,
Ձեռքերիդ շարժը, մատներիդ խաղը,
Եվ էլ չեմ ասում՝ ինձ հրապուրող,
Ու հոգիս գերող աչքերիդ փայլը։
Ժպիտն էր դաջվել սառած երեսիս,
Երազ էր թվում կողքիս լինելդ,
Եվ երբ բռնեցիր ձեռքս կամացուկ,
Ափս ափիդ մեջ, զգաց քնքշությունդ,
Սրտիս զարկերից, ե՛ս ինձ կորցրած,
Անզուսպ, խենթ կրքով գիրկդ նետվեցի...
Երջանկություն, ե՛ս ապրեցի, թեկուզ պահ էր՝
Հիմա՛ անցյալ, բայց ապրեցի,
Բուռն տենչանք ես զգացի,
Թեկուզ ակնթարթ էր կարծես՝ վայելեցի։
Ես ապրեցի՛ ու զգացի՛ իրական սեր,
Հոգիս հոգուդ գրկած, փարված,
Շունչս՝ շնչիդ խառնված։
Քո ջերմ գրկում անէացա,
Իրական ու բիրտ կյանքից,
Աշխարհն իմն էր, շուրջս դրախտ,
Իսկ դրախտի պարտեզի մեջ՝
Դու՛ իմ վարդն էիր, ալ կարմիր։


*************************************

Ես շատ անգամ փորձ արեցի,
Թակել հոգուդ անկողպ դուռը,
Չէ՞ որ հոգուս ժպիտն էիր,
Ու կյանքիս խենթ մտորումը,
Իսկ հասկանալն ինձ դժվար չէր,
Իմ իրական դերն ու տեղը,
Քո խճճված աշխարհում՝
Ինձ ունենալն ու չունենալը...
Քո սերը, որ լոկ պուտ ջուր էր,
Անցնող դարձողի համար էր,
Իսկ իմ սերը՝ անկեղծ, մաքուր,
Քո՛ անունն է միայն կրել։
Եթե կանգնեմ ու հասկանամ,
Որ զուր էր իմ թափած ջանքը,
Այդժամ ընդմիշտ կհեռանամ,
Չեմ խախտի քո՛ հերթն ու կարգը։
Ինձ մնում է ծափահարել,
Մե՜ղմ ժպիտը դաջած դեմքիս,
Եվ կմաղթեմ, որ ի վերջո,
Գտնես հոգուդ բալասանին։
Քանի՜ քանիսն են, քո՛ թույնոտ,
Սիրո գավից ումպ արել,
Գիտե՛ս քանիսն են, քո սիրո՝
Ճահճից մի կերպ դուրս պրծել,
Եվ միգուցե զգացմունք չկա՞ր,
Չէ՞ որ դռներդ միշտ բաց են,
Նրանց ամեն այցի համար։
Շա՜տ շատերը կգան կանցնեն,
Դղյակովդ հրապուրված,
Շատ շատերը խնջույք կանեն,
Քեզ հետ մեկտեղ ուրախ, զվարթ,
Եվ շատերը ջուր կխմեն,
Քո իսկ մեկնած ըմպանակից,
Կգոհանան ու կգնան վերջին հրաժեշտի պահից։
Հրավերքդ ունի՛ պատճառ,
Հրաժեշտդ էլ՝ անպատճառ,
Թե՛ ում հոգին ոնց կավերես,
Թե՛ ում սիրտը ոնց կկոտրես՝
Կդառնա լոկ երկրորդական։
Իսկ իմ սերը անկեղծ, մաքուր,
Չի ընդունում ո՛չ մի պատճառ,
Եվ պատրաստ է միշտ պայքարել,
Լոկ իրական սիրո համար։
Եթե չկա փոխադարձը, չկա նաև սեր ասվածը,
Հասկանում եմ, որ թե՛ սիրո, թե՛ պայքարի, Մնում է միայն պատրանքը։
Եվ թե ժխտես՝ ապացուցես հակառակը,
Ես քեզ կասեմ լոկ մի բանը՝
Որ ինձ պետք չի՛ քո բաց դուռը,
Երբ չես թակում իմ փակ դուռը։


************************************

Կա երազանք՝ հանկարծ իրական է դառնում,
Որ նայում ես դեպի երկինք,
Եվ փառք տալիս քո տեր Աստծուն։
Կան ջերմ հուշեր, որ անգին են զարդի նման,
Թեպետ նորեն էլ չե՛ս կրի,
Զարդատուփում պետք է պահել։
Կան գաղտնիքներ՝ վտանգավոր են արկի պես,
Որ լավ գիտես, ա՛յն չպետք է օտագործել,
Եվ անպայման՝ զինանոցում պիտ թաքցնել։
Կա նրբություն, որ դա միայն հոգիդ է զգում,
Պետք եղածիդ ու չեղածիդ,
Զգացածիդ ու տվածիդ, փոխարենը չստացածիդ։
Կա՛ լռություն, որն ունի շատ մեծ ասելիք,
Բառերն էլ են ծնկի գալիս,
Երբ հոգուդ աչքերն են խոսում։
Կա՛ խոր թախիծ, որ մի պահ էր՝
Երջանկության ջերմ բերկրանքը,
Որ լոկ դարձավ հիշողություն։
Բայց կա՛ նաև հույս և հավատ,
Նորեն գալիք երջանկության,
Սպասումի՝ բուռն սիրո։



Комментариев нет:

Отправить комментарий