пятница, 5 октября 2018 г.

«Նրա աչքերը չեն դադարում ժպտալ» - Հարցազրույց Մարի Եգորի հետ








«Երեխայիև ընտանիքի զարգացման կենտրոն» ԲՀԿ (Child and family development center NGO ) -ի գործադիր տնօրեն, լրագրող, սցենարիստ Մարի Եգորի հետ անցկացված զրույցից հետո շատերը կարող են ապրելու և արարելու ուժ գտնեն իրենց մեջ: Այս ամենից զատ նա կարողանում է ժպտալ: 
«Անկեղծությունը ստվերում» նախագծի շրջանակներում մեր զրուցակիցն է Մարինե Եգորյանը, նույն ինքը՝ Մարի Եգորը:








Մարի, տեղյակ ենք, որ կազմակերպության ո՛չ միայն գործադիր տնօրենն եք, այլև համարվում եք հիմնադիրներից  մեկը: Կասեք, թե ինչպե՞ս որոշեցիք ստեղծել ԵԸԶԿ ԲՀԿ-ն:

Յուրաքանչյուր մարդ իր կյանքում ապրելու և արարելու ձգտում ունի և այդ ձգտումն իր ետևում ունի թաքցրած մի շարք պատճառներ: Իմ դեպքում աղջիկս է, ապրելուս խթանիչ ուժը: Դուստրս 12 տարեկան է արդեն և ունի մանկական ուղեղային կաթված (ДЦП): Եվ հենց նրա շնորհիվ է, որ փորձում եմ իր նման բալիկների կողքին լինեմ և աջակցել նրանց ընտանիքներին: Արդեն շուրջ 4 տարի է մենք ունենք կազմակերպություն, որը տարատեսակ ծառայություններ է մատուցում, որոնք կատարում ենք բարերարների շնորհիվ:


 Երեխայի և Ընտանիքի Զարգացման Կենտրոն ԲՀԿ

Նշեցիք, որ մինչ կազմակերպության բացվելը, շուրջ 4 տարի՝ ինչպես Ձեր, այնպես էլ բարերարների օգնությամբ, կազմակերպել եք միջոցառումներ: Թույլ տվեք պարտադիր կերպով առանձնացնել հունիսի 1-ը և դեկտեմբերի 31-ը՝ Ամանորը: Հետաքրքիր է իմանալ, ինչպիսի՞ խնդիրների եք հանգում նմանատիպ միջոցառումներ իրականացնելու ժամանակ:


Շատ լավ հարց էր, շնորհակալ եմ հարգելի Արամ: Սովորաբար ՄՈՒԿ-ով ախտորոշված երեխաներն ունեն շատ-շատ խնդիրներ: Մենք ունենք ծնողավարության խնդիր, երեխաները շատ պասիվ են՝ ինտեգրված չեն հասարակության մեջ, և ահա այս միջոցառումները կազմակերպելու ժամանակ, հենց այսօրինակ խնդիրներին ենք բախվել: Փաստեմ, որ տարիներ հետո մենք հասանք մեր գերագույն նպատակներից ևս մեկին, այն,  որ երեխաները մեզ հիշում են և սիրով սպասում են մեր այցելություններին:

Լինելով մի քանի ոլորտներում՝ կայքի գլխավոր խմբագիր, սցենարիստ, ԵԸԶԿ ԲՀԿ-ի գործադիր տնօրեն՝ այսպես կարող եմ անվերջ թվել, ինչպե՞ս եք համատեղում Ձեր առօրյան և աշխատանքը:

Առօրյաս շատ բազմազբաղ է, բայց կարող եմ մի բան ասել: Կյանքում այն ամենն ինչ արվում է սիրով, անպայման նախ արդյունավետ է լինում, կարողանում ես արածդ գործը հասցնել մինչև վերջ, և այդ ծանրաբեռնած գրաֆիկդ և բազմազբաղվածությունդ կարողանում ես դարձնել կենսակերպ: Ես սովորել եմ հագեցած օրերի,  և, եթե օրս մի փոքր թեթև է անցնում, դրան համակերպվել չեմ կարողանում: /ժպտում է/

Գիտենք նաև, որ ունեք երկու երեխա՝ տղա և աղջիկ: Քաջ առողջություն մաղթելով աշխարհի բոլոր փոքրիկներին, կցանկանայինք առանձնացնել նաև Ձեր աղջկան՝ Նարեին, ում մոտ ևս ախտորոշված է մանկական ուղեղային կաթված (ДЦП) ինչպես, որ նշեցիք: Որպես ծնող, ինչպիսի՞ խնդիրների եք հանդիպում, և արդյո՞ք կան օգնող անձիք:

Աստված պահապան լինի աշխարհի բոլո՜ր մանուկներին: Թող նրանք մի՛շտ ժպտան և լինե՛ն առողջ: Համոզված եմ այս կարգախոսով ենք առաջնորդվում բոլորս: Այո՛, իմ աղջիկը ևս ունի ՄՈՒԿ ախտորոշումը, սակայն վերջին երկու տարիների ընթացքում բախվել ենք ավելի մեծ խնդրի՝ խոսքս երիկամների միզաքարային հիվանդության մասին է: Պարբերաբար ստուգումների ժամանակ հայտնաբերում ենք խոշոր չափսերի քարեր, իսկ դա էլ ավելի է բարդացնում մեր աշխատանքը, բայց այնուամենայնիվ Աստծո զորությամբ փորձում ենք ժպտալ և անցնել առաջ:  

Վերադառնանք Ձեր թույլտվությամբ կազմակերպության ծրագրերին: Ինչպիսի՞ նախագծեր եք իրականացրել մինչ օրս:

Այս պահին իրականացնում ենք «Ապահովությունը և գիտելիքը կայուն ապագայի երաշխիք» ծրագիրը, որը հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ -ի և  «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Իրականացրել ենք՝ իրազեկման, երեխաների ինտեգրման և սոցիալական ոլորտի հետ առնչվող ծրագրեր: Համագործակցություն է եղել նաև միացյալ նահանգներում Հայ առաքելական եկեղեցու հետ, ինչպես նաև ՀՕՄ-ի Հրազդանի մասնաճյուղի հետ: Կարճ ասած, տարբեր համագործակցությունների ընթացքում փորձել ենք օգտակար լինել շահառու ընտանիքներին:





Իսկ ի՞նչ նորությունների կարող ենք սպասել:

Առաջիկայում նախատեսնում ենք ավելի հստակ ծրագրեր, որոնք  կզարգացնեն երեխաների ինտեգրումը հասարակության մեջ, և կլինեն նաև ծրագրեր, որոնք կվերաբերեն նրանց առողջական խնդիրներին: Այս պահին պատրաստվում ենք կրկին այցելել «Ջամբո» էկզոտիկ պարկ: Համագործակցում ենք Արտյոմ Վարդանյանի հետ, ով միշտ պատրաստակամ է մեր երեխաներին աջակցելու հարցում, իսկ մնացյալ ծրագրերի մասին թույլ տվեք լռել և չբացել փակագծերը:


Հայտնի ֆիզիկոս Անրի Բեկկերելը մի առիթով ասել է. «Սեփական աշխատանքներս ինձ բերեցին Աստծուն, հավատքին»: Ամեն կիրակի Դուք մասնակցում եք Հայ Առաքելական եկեղեցու կողմից մատուցվող Սուրբ և անմահ պատարագներին՝ երգելով երգչախմբում: Ի՞նչ է Ձեզ համար հավատքը:

«Հավատքն է հուսացած բաների հաստատությունը և չերևացող բաների ապացույցը, որովհետև նրանով առաջինները վկայություն ընդունեցին»: (մեջբերում Աստվածաշնչից)
Հավատքը իմ կյանքի շարժիչ ուժն է և նեղ ու լայն օրերիս միակ բալասանը:



Մարի ունենք նաև բլից հարցեր, որոնց ևս կցանկանայինք պատասխանեք:

Գիրք, որը պետք է պարտադիր կարդալ:

Բնականաբար Աստվածաշունչ, քանզի այն իմ սեղանի միակ գիրքն է, որ ամեն օր կարդում եմ:

Սեր, հավատք, թե՞…

Կավելացնեմ միայն՝ Հույս

Եթե աշխարհ գայիք որևէ կենդանու կերպարանքով, ո՞ր կենդանուն կնախընտրեիք:

ՄԱՐԴ կենդանուն /ծիծաղում է/


Հարց, որը հաճախ Ձեզ են տալիս:

Ինչպե՞ս եք կարողանում այդքան խնդիրների մեջ ժպտալ:

Հարց, որը ինքներդ Ձեզ եք հաճախ տալիս:

Ամեն օր քնելուց առաջ ինքս ինձ հարց եմ տալիս. «Ի՞նչ չարեցի, ի՞նչը կիսատ թողեցի այսօր, ի՞նչ կարող էի անել և չարեցի», իսկ հաջորդ օրը փորձում եմ շտկել, չէ որ կյանքը կարճ է, ապրենք այնպես, կարծես դա մեր վերջին օրը պետք է լինի:


Շնորհակալություն հարցազրույցի համար:

Շնորհակալ եմ և Ձեզ:

Հարցազրույցն անցկացրեց ԱՐԽԱ բլոգի տնօրեն Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ