четверг, 9 августа 2018 г.

Սոֆա Արծրունի-բանաստեղծություններ

***
Գարնան տաք շնչից
Հողերն են ժպտում,
Ու թե ընդերքից
Կարոտս գտնեմ`
Էլ ուրիշ ոչինչ,
Ոչինչ չեմ ուզի...
Քամին իր շղարշ
Քողն է ծածանում,
Ծաղկահամբույրից
Թե բույրդ առնեմ`
Էլ ուրիշ ոչինչ,
Ոչինչ չեմ ուզի...
Ամպերը ունեն
Շա՜տ ներկեր լազուր,
Ու եթե վրձնեն
Մեր համբույրը տաք`
Էլ ուրիշ ոչինչ,
Ոչինչ չեմ ուզի...
Երկնքի ներքո
Մի սեր ունենք մենք,
Թե գարնան տեսքով
Ողջը հեղեղի`
Էլ ուրիշ ոչինչ,
Ոչինչ չեմ ուզի...
Ահա‘, լեռներից
Գալարք է հոսում,
Ես վայելո՜ւմ եմ
Ավիշը նրա
Եվ ուրիշ ոչինչ,
Ոչի‘նչ չեմ ուզում...
          *****
Լաջվարդ երկնքում
Ամպը կարոտից
Ձյուներ էր լացել,
Իսկ իմ ձեռքերում
Քո տա՜ք ափերից՝
Սիրո գարունն իր
Թևերն էր բացել…
Ու աշխարհն ի՛մն էր
Արթնացող խանդում,
Չգիտեմ պահն այդ
Ո՞նց տեղավորեմ
Այս փոքրիկ հանգում ...


ՍԻՐԱԾԱՂԻԿ
Սրտիս մեջ կա մի ծաղիկ`
Անուշաբույր ու մեղմիկ,
Նրբակերտ իմ աշխարհում 
Նոր օրվա հետ է բուրում:
Կյանքիս հմայք է բերում,
Շնչիս տալիս թարմություն,
Բուրումներով իր մաքուր
Օրս հեքիաթ է դարձնում :
Եվ սրտիս մեջ օր-օրի,
Փթթում, բուրում անթերի,
Ցրում է մուժ ու խավար,
Նա՝սիրո հաբն աշխարհի:


ՍԻՐԵՐԳ
Դու`իմ հեքիաթ անանուն,
Իմ տաղերի անվանում...
Դու`շշուկն իմ շուրթերի,
Իմ երազը անթերի...
Դու` ամպրոպի խոլ որոտ,
Նավասարդյան առավոտ...
Դու` անուրջիս անծիր ծով,
Գարնան քամուց ծնված զով...
Դու`երկնագույն իմ պատրանք,
Երազներիս ապարանք…
Դու` լուսինը իմ թափառ,
Շուրթիս ձուլված երգ անբառ...
Դու`իմ սիրո ցնծություն,
Վերջին խինդ ու բերկրություն...



Գոռ Պողոսյան-բանաստեղծություններ

***
Ադամական գեթ մեկ կողից ...
Բայց ի~ինչ չքնաղ մի արարում ,
Որի կրքոտ դիմախաղից
Արական սե~եռն է , ողջ մարում :
Օ~օհ , Տե~եր Աստված , պարգև° է սա ,
Թե դեպ գեհեն տանող ուղի ,
Բանատողեր ծնող մուսա~ա ,
Թե տվայտանք ` մահով հղի ...
Եվ ի~ինչ այրեր խոնարհվեցին
Այս կողածին հրաշքի դեմ ,
Եվ ի~ինչ կյանքեր խորտակվեցին ,
Դարձան ոչինչ ` սիրուն ընդդեմ :

*****************
Մթնշաղին հովեր եկան
Եվ փակեցին աչքերս թաց :
Ինձ հայտնվեց մի ուրվական ,
Փաղաքշեց վերքերս բաց :
Հովերը սերս զգացին ,
Թրթռացրին վարսը նրա :
Կոպերս պիրկ սեղմվեցին ,
Որ բույրը գա սրտիս վրա :
Եվ սիրտս ... ա~խ ... կարո~տ այնքան ,
Շնչեց տեսիլքն այդ խնկաբույր ,
Մինչ լույս տենչաց , ողբա~ց որքան ,
Բայց լուսացրեց ... ա~խ ... անհամբույր :

***************

Մայրամուտն ասելիքվեց իմ մեջ ,
Եվ Մուսաս տարավ բառաորսի :
Զբոսնեցի քաղքով իմ սնամեջ `
Գրկելով ստվերները գորշ ` դրսի :
Որսացի բառեր հայացքներում
Եվ նրանց աչքե~րը ես մտա ,
Լռվեցի անթարթ առէջներում .
Դեմքերին հայացք ես չգտա :
Զբոսայգի : Դատարկ մի նստարան :
Մի պոետ ` մի խենթ հայա~ցք թշվառ :
Չքացավ ոսկին մայրամուտի :
Հաջորդիվ ` մի մթնշա~ղ խավար :
Մի կատու եկավ , հպվեց ձեռքիս :
Հայացքում իր ` բա~ռն էր որոնված :
Նետեցի ինձ տուն ` թուղթուգրչիս ...
Կարևոր մի բան այգում թողած :

Գայանե Գիսանե Վարդանյան-բանաստեղծություններ

Մեղավոր ենք մենք` ամենքս այս կյանքում
Խոսքով լինի,գործով լինի թե թաքուն ,
Խաբում ենք մենք և խաբնվում
Խիղճն է միայն ,որ լռում է ու ցավում:
Շատ քչերն են խղճի մասին մտածում,
Ցուրտ ձմռանը նրան փողոց շպրտում,
Իսկ թե հանկարծ մի անտեր շուն հոտոտի
Խեղճ այդ շունը մահապատժի կենթարկվի:
Դե' արի ու մի զարմացի ,
Դե' արի ու մի բարկացի,
Ինչ էր արել անտեր շունը,
Թե ձեզ պետք էր սառը խիղճը:
Եվ այդպես էլ ապրում ենք մենք
Մեկ խաբնվում ,մեկ խաբում ենք
Թե մեր մասին մտածող կար
Հենց այն անտեր շունն էր ,որ կար...


*********************

Քեզ կնվիրեմ հազար ու մի գիշերվա հեքիաթը գունեղ
Ուր ես սիրելիս , ինչու ուշացար ...
Սպասումներս տարիներ դարձան,
Իսկ դու խոստացար,որ մի օր կգաս:
Կգաս կգրկես սիրո քնքշանքով ,
Կգրկես այնպես,որ ես կհալվեմ
ինչպես մի փաթիլ դեմքիդ հպվելիս,
Կգրկես այնպես ,որ կխառնվի մեր բաբախումը
Եվ կդառնա համայն աշխարհի համար սիրո ղողանջներ:
Դեռ բաց են քո առջև սրտիս դռները,
որի բանալին քո ափի մեջ է
Եվ սիրո կանչը քեզ կհասնի մի օր
թեկուզ ուշացած կամ էլ հեռավոր,
Դու կգաս,կգաս հողմերից ծնված
Կգաս ձուլվելու մարմնիս կրքոտ,
Որ պատմեմ ես քեզ հույզերս կարոտ
Եվ դու կդառնաս գունեղ հեքիաթիս
ասպետը փրկիչ,
ով մի համբուրով կյանքի կբերի ինձ կախարդանքից
Ում կնվիրեմ հազար ու մի գիշերվա հեքիաթը գունեղ:


***********************


Հեռանալուց, լուռ եմ հեռանում,
Հեռանում այնպես, որ ոտնաձայնս
նույնիսկ չի լսվում,
թողնելով միայն օծանելիքիս
բույրը խենթացնող:
Ինձանից հետո երկար կսպասես
իմ վերադարձին
Կփնտրես այնտեղ ,որտեղ թվում է
դու ինձ կգտնես ծով արցունքի մեջ ,
բայց ես էլ չկամ ...չկամ լսում ես:
ոտնահետքերով կփորձես գտնել,
Կփորձես գտնել անծանոթների հայացքների մեջ
Ուր կհանդիպես սառն ու անտարբեր քմծիծաղների ,
Քմծիծաղ ,որը արձագանքում է քո էությունը
Քո իսկ սառնությամբ...
Գիշերների մեջ կփնտրես դու ինձ
Եվ ամեն անգան անունս տալիս
Մի փոքրիկ ջերմ հուշ քեզ կհիշացնի,
որ եղել եմ ես,թեկուզ և չկամ ,բայց միշտ կմնամ
Կմնամ այնպես ,ինչպես ինձ գտար...


среда, 8 августа 2018 г.

Վալերի Պայսեր-Խալափյան-բանաստեղծություններ

ՍԻՐՈ ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐԸ ՇՈՒՐԹԵՐԻԴ
Սիրո թարմ հետքերը շուրթերիդ,
Վարսերդ փռել ես դու երկար:
Ու կարծես թե երազ մի փերի,
Տիրական քո սիրով ինձ եկար:
Թվում է փորձում ես,սիրելիս,
Ու որպես տեսիլք ես ինձ եկել:
Հավատա՞մ ես արդյոք աչքերիս,
Թե ձեռքով շոշափեմ քեզ մեկ էլ:
Սիրո թարմ հետքերը շուրթերիդ,
Վարսերդ փռել ես դու երկար:
Համբուրիր,ինձ նորից,իմ փերի,
Շոշափեմ,համոզվեմ,որ եկար:



*** ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ
Մտահոգված կքեց աստված
Ու լռեց:
Եվ վերջապես ահա ժպտաց,
Ահա և սուրբ, լուսազգեստ
Հրեշտակներ նա արարեց
Անհամար:
Ոմանք թևեր ունեն մեծ,
Անթևներն էլ կան հարկավ:
Եվ այսքան շատ նրա համար
Եմ լալիս,
Որ աստըծուց ավելի ինձ
Հրեշտակներն են դուր գալիս:


A M E R I C A - Ա Մ Ե Ր Ի Կ Ա
Օվկիանոսնե՞րն են արդյոք
Մայր ցամաքի
Ափերն ողողում,
Թե՞ մայր ցամաքն է
Ջրերի մեջ լողում,
Որ աղեղի պես է
Բևեռները ձգում
ՈՒ բաց թողնում ...


ԱՆՆՄԱՆ ՄԻ ԶԳԱՑՈՒՄ
Աննման մի զգացում
Կարոտի պես չի անցնում:
Երիտասարդ քո մարմինը
Կյանքիս հոգատարն է իմ:
Այսպես ապրում եմ ես,
Այսպես ապրում եմ առանց քեզ:
Գիտեմ որ երբեք չես կարող
Դու սրտիս լինել մխիթարող:
Աննման մի զգացում
Կարոտի պես չի անցնում:
Երիտասարդ քո մարմինը
Կյանքիս հոգատարն է իմ:





Նորայր Գրիգորյան-բանաստեղծություններ

              *******
Երկինքն առավոտից
ամպեր է կուտակում
թավշե թել-թել անձրև մանելու համար,
ես կանգնել եմ բաց դաշտի մեջ,
և շնչում եմ դեռ չտեղացած անձրևի բույրը:
Արդեն որերորդ անգամ դու անցնում ես երկնքով
անձրևից առաջ, արևից առաջ, ժամանակից առաջ:



             *******  


Աղոթարանին մի մանուկ բացեց արևելքի դուռը
և արևին ասաց՝ հանգստացիր:
Այդ օրը մանուկը անցավ կապույտ երկնքով,
սակայն ոչ ոք նրան չնկատեց,
և արևը անցավ մարդկանց միջով,
նրան էլ ոչ ոք չնկատեց,
բայց լսեցին երկնքից խոսող արևին,
ջերմացան իրենց մոտով անցնող մանկան հայացքից,
և երեկոյան պառկեցին՝ զարմանալի
կապույտ երազներ հագած:




              ***********


Լռությունը դաշտի վրա անձրև դարձավ,
առուները դաշտի մեջ դարձան զարկերակներ,
մանուկները մերկ էին ու բուրավետ՝ անձրևի նման,
առուների մեջ նրանք սրտեր էին դառնում,
և համաչափ պտտեցնում հողագնդի հոգնած մարմինը:



           **************


Հողից քո ձեռքերի բույրը
գոլորշու հետ բարձրացավ վերև,
զարմանալի անձրև տեղաց կանաչ,
որ բուրեց ռեհան,համեմ,դաղձ:
-Հոգին բույր է,-ասացին թռչունները,
և բացված թևերի վրա բույրը տարան վերև:
Քո աչքերը ուղեկցում էին թռչուններին,
երբ նրանք տեղ հասան, աչքերը դանդաղ փակվեցին:



Վանդալիզմ

Վերջին օրերին համացանցում շրջանառվող Զոյա Թադևոսյանի ելույթը քննդատության է արժանացել շարքային քաղաքացիների ու պետական պաշտոնյաների կողմից:Գիտակցելով իր թյուր ու ազգադավ հայտարարության սխալը, վերջինս ներողություն է խնդրել:Եթե Զոյա Թադևոսյանը նման կարծիք է արտահայտել հայկական վերաբնակեցվող հողերը թշնամուն վերադարձնելու հետ կապված,ապա մի շարք ճղճիմներ տարիներ շարունակ քանդել են հայկական այն բնակավայրերը,որոնց համար մենք պայքարել ենք դարեր շարունակ և որի համար հարյուրավոր հայորդիներ նահատակվեցին: Այո,վանդալիզմ իրականացողները քանդել են մի ողջ բնակավայր,որոնք տարիներ շարունակ վերաբնակեցված է եղել:Ցավոք սրտի այդ բնակավայրերից միայն քարերն են մնացել:Սա խոսում է այն մասին,որ պետական արժեքների հանդեպ ոտնձգություն է տեղի ունեցել:Քանդելով մի ամբողջ համայնք,այդ ստոր արարածները թքած են ունեցել մեր ազգային արժեքների,արյուն թափած մեր հերոսների վրա:Այդ հանցագործների նպատակը մեկն է եղել. քանդել բոլոր բնակելի տները,որպեսզի իրենցից բացի այնտեղ ապրող չլինի,ինչպես ուզեն, այնպես անեն:Էլ չեմ խոսում այն փաստի մասին,որ նրանց պատճառով մարդիկ հեռացել են այնտեղից:
Քիչ առաջ սույն խնդրով հեռախոսազրույց ունեցա Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանի հետ,ով վստահեցրեց,որ հետամուտ կլինի խնդրի լուծմանը:



Կարեն Շիրինյան