воскресенье, 22 марта 2020 г.

Հրազդանցի Խաչատուր Առաքելյանը և Մովսես Զաքարյանը միացան համահայաստանյան բարեգործական նախաձեռնությանը


Վերջին օրերին ամբողջ աշխարհում խառնաշփոթ է, իսկ պատճառը Կորոնավիրուսն է` (COVID-19) վարակային հիվանդությունը, առաջացած SARS-CoV-2-ով, որը սերտ առնչվում է SARS վիրուսին:
ՀՀ-ում հիվանդության կանխարգելման համար արվում են մի շարք միջոցառումներ՝ օրենքով սահմանված կարգով։ Այս օրերին Հանրապետության գրեթե բոլոր տարածքներում ակտիվ երիտասարդների շնորհիվ, ինքնաբուխ կերպով, տարատեսակ նախաձեռնություններ են ստեղծվում։ Հրազդանցի երիտասարդներ՝ Խաչատուր Առաքելյանը և Մովսես Զաքարյանը ևս հանդես եկան սեփական նախաձեռնությամբ։ Անձնական միջոցներով տնային պայմաններում պահպանելով բոլոր սանիտարահիգիենիկ նորմերը, սկսեցին պատրաստել պաշտպանիչ դիմակներ։ Գաղափարը ծնվել էր այն ժամանակ, երբ դեղատներում նկատել են պաշտպանիչ դիմակների բացակայությունը, որոշ վայրերում էլ տեսնելով գնային աճը, ցանկացան պատրաստել և անվճար հիմունքներով բաժանել հատուկ կարիքավոր ընտանիքներին և խոցելի խմբերին։ Հրազդան համայնքում արտակարգ դրության սահմանումից հետո ստեղծվեց արագ արձագանքման շտաբը, որի ղեկավարն է համայնքապետ Սևակ Միքայելյանը, ինչպես նաև ձևավորվեց ՀԿ-ներից, ակտիվ քաղաքացիներից, նախաձեռնող խմբերից բաղկացած հատուկ խումբ։ 
Իրենց ծրագիրն արդյունավետ իրականացնելու համար հրազդանցի երիտասարդները որոշեցին համագործակցել․ շտաբին հանձնեցին 200 –ից ավել դիմակներ, և պատրաստակամություն են հայտնել մինչև արտակարգ դրության ավարտը ապահովել դիմակներով։ «Աստծո հաջողությամբ այս աշխատանքը մինչև վերջ անելու ենք մեր միջոցներով, եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան միանալ բարեգործությանը՝ ֆիզիկապես աջակցելու կամ ֆինանսական առումով, ապա միայն ուրախ կլինենք, քանզի մեր շարքերը կհամալրվեն, - իր խոսքում նշեց Խաչատուր Առաքելյանը, ապա հավելեց,- Խնդրում ենք, հորդորում ենք, պահպանենք հիգիենայի կանոնները, հետևողական լինենք մասնագետների խորհուրդներին, ինքնագործունեությամբ չզբաղվենք ու չվտանգենք մեր ու մեր սիրելիների կյանքը»։ 
Իսկ երիտասարդ  բարերար Մովսես Զաքարյանը նշեց
-Յուրաքանչյուր փորձություն անցողիկ է․ դրանց հաղթելու համար պետք է միասնական լինենք, չլցվենք չարությամբ, չդառնանք եսասեր։ Մաղթում եմ բոլորին միայն ու միայն քաջ առողջություն։

Իսկ Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից

Մի շարք վարակներից խուսափելու համար ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հետևել ձեռքերի և շնչառական համակարգի հիգիենայի, ինչպես նաև՝սննդի անվտանգ պատրաստման կանոններին։
Ստորև թվարկված են դրանցից մի քանիսը։
  • Հաճախակի լվանալ ձեռքերը՝ օգտագործելով ալկոհոլի հիմքով պատրաստված նյութեր կամ օճառ և ջուր։
  • Հազալիս և փռշտալիս անպայման փակե՛ք բերանը և քիթը անձեռոցիկով։ Այնուհետև անմիջապես դե՛ն նետեք անձեռոցիկը և լվացե՛ք ձեռքերը։
  • Խուսափե՛ք ջերմություն կամ հազ ունեցող անձանց հետ մտերիմ շփումից։
  • Եթե ջերմություն ունեք, հազում եք կամ դժվար եք շնչում, անպայման դիմե՛ք բժշկի և անպայման բժշկին հայտնեք, եթե նոր եք վերադարձել ճանապարհորդությունից։
  • Եթե այցելել եք այնպիսի տարածքներ, որտեղ գրանցվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, խուսափե՛ք կենդանիների հետ անպաշտպան շփումից։
  • Խուսափե՛ք հում կամ կիսաեփ միս ուտելուց։
  • Հում մսին, կաթին կամ կենդանիների օրգաններին վերապահումով մոտեցեք և հետևե՛ք, որ դրանք անմիջապես կոնտակտի մեջ չլինեն այլ սնննդատեսակների հետ։ Ի լրումն, հում մսամթերքի ու այլ սննդամթերքների համար առանձին կտրատման տախտակ օգտագործեք։ Ի դեպ, մի մթերքից մյուսին անցնելիս չմոռանաք լվանալ ձեր ձեռքերը։
Կորոնավիրուսի հետ առնչվող մանրմասն ինֆորմացիա կարող եք կարդալ նաև
Նյութը պատրաստեց Աննե Մարին


Комментариев нет:

Отправить комментарий