воскресенье, 22 июля 2018 г.

Հպարտ հայուհի-բանաստեղծություններ

Երանի նրան, ով լուսադեմին,
Մաքուր խղճով է՝ նայում երկնքին,
Երանի նրան, ում խիղճն ու հոգին,
Վկա չեն դարձել՝ մտքի դավերին,
Երանի նրան, ում սերը հարգանքից հետո է ծնվել,
Ում սերը՝ հավատ, սիրտ ու հոգի է ծածուկ ապրեցրել,
Երանի նրան, ում Բախտ կոչվածն է Մեծ Սեր պարգևել,
Ու նաև նրան, ով Ճակատագրից է՝ այն համառ խլել,
Երանի նրան ,ում երկինքներում՝ լու՜ռ կարոտում են,
Ում հեռվից-հեռու՝ մերթ համբուրում են,
Մերթ՝ խրախուսում, մերթ նախատում են,
Երանի՜ Քեզ, Տե՜ր, որ ժպիտներով՝ նրանց աչքերի,
Պի՛տ շողա հավետ Քո Սրբատեղին, հազա՜ր երանի...

**************************************************************

ԱՐՑԱԽՍ
Արցախս՝մի կտոր,մի բուռ,
Բայց ոսոխի դեմ՝ վահան ամրակուռ,
Արցախս՝ մի շա՛նթ,մի կրա՛կ,
Սրբատեղի՝ Հայոց Տան սյու՛ն միակ,
Արցախս՝ մի վանք դարավոր,
Վիրավոր՝ վերքերից բյուրավոր,
Սուրբ սաղմոսների՝մի ելևէջ,
Արցախս՝ արհավիրքների պատնեշ,
Օջախ ու աշխարհ հնամենի,
Արրցա՛խ իմ, Ավարայր նորօրյա,
Է՜ն Տատ ու Պապի, համով զրույցի,
Անխոս ու խոհեմ՝հավերժ վկա...

*******************************************************************
Այսօր ալեհեր մի ծերունի,
Սիրով հրավիրեց ինձ զրույցի,
Մի ողջ պատմություն կար անթերի,
Խորքում՝ նրա լուրթ աչքերի:
Հարցրեց-Աշխարհն այս անագորույն,
Ե՞րբ պիտի փոխի,ներկերն իր անգույն,
Ե՞րբ պիտի հայը Մասիսին փարվի,
Նրա փեշերին Յարխուշտա պարի,
Ե՞րբ պիտի պանդուխտը հեռվից տուն դառնա,
Ծարավը ե՞րբ պիտի ջրից հագենա,
Ե՞րբ պիտի սովածը քաղցից չդողա,
Վշտից չարբենա ու չերերա,
Ե՞րբ պիտի Թարթառ,Արաքս,Կուր ու Վան,
Ձեռք- ձեռքի տված ծփան,ծփծփան,
Ելնեն ուսերին Արարատ լեռան,
Սառցե ճակատին մի տաք համբույր տան,
Ե՞րբ պիտի խնկաման դարձած իմ երկրին,
Չսպառնա աշխարհի արատ՝ ազերին,
Զինվորս,ե՞րբ պիտի երգ ու ծիծաղով,
Մոր թաց աչքերը պատի համբույրով,
Հայինն է,-լսու՞մ ես,-Քիրսը Մռավով,
Գանձասարը՝ իր սուրբ Դադիվանքով,
Հայինն է, Թարթառը՛խե՜նթ,հավերժախո՛ս,
Որ կարծես երգում է հոգևոր սաղմոս,
Հայինն է,-բալա ջան,-վշտի կծիկը,
Նրանով հյուսվեց Հայոց Տան տանիքը,
Բայց Տիրոջ ոգով օծված խրճիթը,
Իր շեմին դաջեց հաղթողի կնիքը:
Ասաց- ամենքս մի աշխարհ ունենք,
Աշխարհից պոկված՝աշխարհից թաքուն,
Ամենքս-ասաց,-ցա՛վ ու վի՛շտ ունենք,
Տառապանք ու սեր՝ ամենքից թաքուն,
-Հա՛յ է միշտ եղել շուրթիս աղոթքը,
Սրտիս մորմոքը,խինդն ու բողոքը,
Հա՛յ է մնացել, պահված մուրազս,
Հուշերում թաղված՝ լուսե երազս,
Տե՛ս,լույսը մարում է հոգուս լապտերի,
Քամին էլ ցրում է էջերն իմ կյանքի,
Գեթ մի անգամ էլ,Տե՜ր, ինձ ողորմի՜,
Մահվան հրեշտակս, թո՛ղ ,որ Հա՛յ լինի:

************************************************

Կարոտախտով լի աչքերս կրկին,
Նայում են անմեղ անհուն երկնքին,
Փորձում նշմարել բյուր աստղերի մեջ,
Հարազատ դեմքեր հոգիներ անշեջ։
Սիրտս խռով է երկնքի մովից,
Երկրի մեղսագործ անգութ տարերքից,
Որ հոգիներին փխրուն կարեկից,
Բաժին է հանել թախիծ ու կսկիծ։
Մեծ հոգիներին տառապանք ու վիշտ,
Փոքրոգիներն էլ գլխներին տեր միշտ,
Ներիր ի՛նձ Տեր իմ, որ հանդգնում եմ,
Որ հոգիներդ դասակարգում եմ,
Ոչինչն ու ամենը իրարից զատում եմ,
Որ ստեղծած աշխարհդ մեկ-մեկ ատում եմ։
Որ խիղճս մեկ-մեկ մթում թաղում եմ,
Ու թե խաբվում եմ նաև խաբում եմ,
Ներիր ի՛նձ Տեր իմ, որ հանդգնում եմ,
Որ դուռդ գիշերներն աղմուկով թակում եմ,
Մաշված վշտերս բերում թողնում եմ,
Եվ նորերն առած լուռ հեռանում եմ,
Ներիր ի՛նձ Տեր իմ որ հանդգնում եմ...



Комментариев нет:

Отправить комментарий