суббота, 28 июля 2018 г.

Լենա Հարությունյան-բանաստեղծություններ

ՊՈԵՏՆԵՐԻՆ
Եվ խաղում եք սիրուն,
Եվ սիրուն եք` խաղում,
Երբ սիրում եք... սիրու~ն,
Եվ որ սերն եք սիրում,
Երբ խաբվում եք ներսում,
Եվ սիրուն եք փակում,
Անգամ էջերը հին...
Երբ տանում եք հեռուն`
Հույզերը ջինջ,
Երբ լռում եք անգամ,
Դուք լռում եք սիրուն,
Ձևանու~մ եք մանկան
Անմեղությամբ,
Ու դառնությամբ
Կուրանում եք սիրուն...
Անօգնական այնքան,
Այնքա~ն ուժեղ,
Այնքան խե~նթ ու խելառ,
Այնքան դժգույն,
Այնքան 'ես'-ով հզոր,
Այնքան բառով հարուստ,
Այնքան բա~րձր ու մեծ`
Պոետներս` վսեմ....

***********************************

Իմ մտքի կապու՜յտ
Թիթեռնիկ հլու,
Իմ փոքրի՜կ, փոքրիկ
Թափանցիկ ուրու,
Թևում ենք անվերջ,
Սլանում հեռու,
Երազ կդառնանք,
Երկնքի շուրթին,
Ժամանակախաղա՜ղ,
Ժամանակավո՜ր
Հրա՜շք ենք երկու...

********************************
ՈՎ Է ՆԱ
Ո՞վ է նա՝ մարդը իսկական,
Քայլող բարությամբ, թե՞ ատելությամբ,
Աննկուն կամքով իր ստեղծարար,
Թե՞ կյանքն անարգող իր իշխանությամբ:
Հավատի սիրով ու երանությա~մբ,
Թե՞ թալանված բախտի անճարակությամբ...
Ո՞վ է նա ...
Ծուղակներ հյուսող իր անխղճությամբ,
Անհավատությամբ, իր երեսը փակող,
Հարգանք վայելող ծածկամտությա՞մբ,
Թե փեշն անհարկի միշտ քամուն տվող
Իր թեթևությամբ...
Եվ նա չի~ սիրում մեզ նմաններին...
Ինքնասպանությամբ պատիվ փրկողը`
Փրկություն չէ դեռ...
Եվ հազարավոր աչքերի դիմաց իր հարազատից
Ներում հայցողը...նա՞ է....
Չէ, նա՛ է մարդը, իր ծաղկող մտքի
Վերին խենթությամբ, սերը
Գովերգող մղձավանջներում արևահմա
Մտքի մեծությա՜մբ, մեծահոգությա՜մբ...
Եվ հավանաբար հենց նա է մարդը՝
Հավատավորի առաքելությամբ,
Լավատեսությամբ՝ կյանքը կախարդող....
Կորստյան գիշե՜ր, առավոտի ցա՜վ,
Աղոտացումի քնքուշ տրտմություն,
Վերին փրկություն, թե՞ անվերջություն,
Հոգևոր սնունդ ա՜յն, հաջորդ կյանքում,
Մարդկության առջև եդեմադռան
Միակ փրկություն..
Նա՛ ....թող լինի ՄԱՐԴԸ...


Комментариев нет:

Отправить комментарий