воскресенье, 29 июля 2018 г.

Ազնիվ Պետրոսյան-բանաստեղծություններ

ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՊՐԵԼ ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ուզում եմ ապրել իմ Հայաստանում,
Ոչ մի ուրիշ տեղ չեմ ուզում գնալ.
Չեմ ուզում քայլել օտարի հողում,
Շնչել չեմ ուզում օդը այն օտար։
Ուզում եմ շնչել բույրը՝ մեր հողին
Արմատով կառչած ծառի ու ծաղկի.
Մեր արդար ցամաք հացով հագենալ,
Քան օտար երկրում օտար էլ մնալ...
Դրսում ամենուր լսել հայերեն,
Երաժշտություն հնչի հայկական
Ու թռչուների դայլայլից անգամ
Հայ հոգու վճիտ երգի համն առնել։
Ուզում եմ տեսնել ամեն առավոտ
Արևը հայոց սարի ետևից
Ու ջուրը խմել սառն ու քաղցրահամ
Հայոց սարերի հալված ձյուներից։
Խենթ առվակների ոլորապտույտ
Ափերին նստած հանգիստ երազել
Ու երազներս երկնքի կապույտ
Ջինջ մաքրության մեջ գաղտնի պահել...
Սխալ ասացի՝ իմ երազները
Գաղտնի չեմ պահում բնավ ոչ ոքից.
Հայտնի են նրանք իմ ձեռքով գրված
Հոգուցս բխած բոլոր տողերից...
Ես երազում եմ թանկագին հայեր
Եվ համոզված եմ՝ մի օր ետ կգաք,
Որ Հայաստանս ձեզանով հարուստ՝
Դուք Հայաստանին կարոտ չմնաք։
Կցանկամ տեսնել ժպտուն հայերի
Ու խոսքը լսել միայն մայրենի.
Տեսնել երջանիկ՝ շեն է երկիրս,
Տեսնել ազատ ու մերն է ԷՐԳԻՐՍ


ԷԼ ՉԻ ԼՌԵԼՈՒ
Սատայանածին, ով հազարադեմ,
Ինչքան էլ հաճախ փորձես փոփոխել դիմակներդ բյուր`
Աչքերիդ խաղը, սրտիդ տրոփը մատնում են հոգիդ`
Էությունդ փուչ…
Մի փորձիր չափել կամ էլ վերևից նայել արդարին,
Կամ էլ թուլություն համարել նրա հանգստությունը.
Արդարը հանգիստ է միշտ իրեն պահում
Մինչև այն պահը, երբ անարդարը
Անցնում է չափն ու չարի սահմանը…
Իսկ երբ կորչում է համբերությունը
Ըմբոստանում է ու դառնում հեղեղ…
Մի փորձեք խաղալ նյարդերի վրա
Նեռի զավակներ.
Արթուն է արդեն արդարությունը`
Էլ չի լռելու…


…ԾԱՂԿՈՒՆՔՆ ԷԼ ՉԻ ԹՈՎՈՒՄ
Ինչ որ մի տեղ, ինչ որ մի բան թերի, անկատար մնաց,
Կյանքիս անիվն ինքնահոսով քարոտ ճամփեքով գնաց,
Ուր շատ էին տատասկ ու փուշ, որ ցավեցրին թույլ հոգիս,
Ընդվզեցի ու ցանկացա փոփոխել գիրը բախտիս…
Հիմա կարծես հարթ է ճամփաս` շուրջս կանաչ է, ծաղկունք,
Երկինքս արդեն խաղաղվել է, չկա հողմ ու ձնաբուք,
Օրերն անցնում, տարի դառնում` կյանքս առաջ են տանում,
Բայց վերջին եմ արդեն հասել ու ծաղկունքն էլ չի թովում…



Комментариев нет:

Отправить комментарий