четверг, 9 августа 2018 г.

Սոֆա Արծրունի-բանաստեղծություններ

***
Գարնան տաք շնչից
Հողերն են ժպտում,
Ու թե ընդերքից
Կարոտս գտնեմ`
Էլ ուրիշ ոչինչ,
Ոչինչ չեմ ուզի...
Քամին իր շղարշ
Քողն է ծածանում,
Ծաղկահամբույրից
Թե բույրդ առնեմ`
Էլ ուրիշ ոչինչ,
Ոչինչ չեմ ուզի...
Ամպերը ունեն
Շա՜տ ներկեր լազուր,
Ու եթե վրձնեն
Մեր համբույրը տաք`
Էլ ուրիշ ոչինչ,
Ոչինչ չեմ ուզի...
Երկնքի ներքո
Մի սեր ունենք մենք,
Թե գարնան տեսքով
Ողջը հեղեղի`
Էլ ուրիշ ոչինչ,
Ոչինչ չեմ ուզի...
Ահա‘, լեռներից
Գալարք է հոսում,
Ես վայելո՜ւմ եմ
Ավիշը նրա
Եվ ուրիշ ոչինչ,
Ոչի‘նչ չեմ ուզում...
          *****
Լաջվարդ երկնքում
Ամպը կարոտից
Ձյուներ էր լացել,
Իսկ իմ ձեռքերում
Քո տա՜ք ափերից՝
Սիրո գարունն իր
Թևերն էր բացել…
Ու աշխարհն ի՛մն էր
Արթնացող խանդում,
Չգիտեմ պահն այդ
Ո՞նց տեղավորեմ
Այս փոքրիկ հանգում ...


ՍԻՐԱԾԱՂԻԿ
Սրտիս մեջ կա մի ծաղիկ`
Անուշաբույր ու մեղմիկ,
Նրբակերտ իմ աշխարհում 
Նոր օրվա հետ է բուրում:
Կյանքիս հմայք է բերում,
Շնչիս տալիս թարմություն,
Բուրումներով իր մաքուր
Օրս հեքիաթ է դարձնում :
Եվ սրտիս մեջ օր-օրի,
Փթթում, բուրում անթերի,
Ցրում է մուժ ու խավար,
Նա՝սիրո հաբն աշխարհի:


ՍԻՐԵՐԳ
Դու`իմ հեքիաթ անանուն,
Իմ տաղերի անվանում...
Դու`շշուկն իմ շուրթերի,
Իմ երազը անթերի...
Դու` ամպրոպի խոլ որոտ,
Նավասարդյան առավոտ...
Դու` անուրջիս անծիր ծով,
Գարնան քամուց ծնված զով...
Դու`երկնագույն իմ պատրանք,
Երազներիս ապարանք…
Դու` լուսինը իմ թափառ,
Շուրթիս ձուլված երգ անբառ...
Դու`իմ սիրո ցնծություն,
Վերջին խինդ ու բերկրություն...



Комментариев нет:

Отправить комментарий