суббота, 8 сентября 2018 г.

Արմենուհի Դիլանյան-բանաստեղծություններ




***
Աշխարհի որ ծայրից ասես
Գրում են, գրում են անվերջ.
Տղամարդիկ են արկածներ փնտրող…
Թե սուրճ դիր , ձեռքդ դիպչի սրճեփին,
Հերիք է դա մեզ, թող անհամ լինի….
Եվ էլի գրում.—Այն կապույտ շորով
Դու կյանք ես լրիվ….
Իսկ կարմիր ցանցով
Շատ ես ցանկալի….
Եվ էլի շորեր, որ սարդոստայն են,
Ուր խճճվում են տղաներն անդարձ…..
Եվ ինձ թվում է, թե կինն եմ մեկի,
Ում ամբողջ կյանքում ես չեմ էլ սիրել,
Ու հիմա, հիմա մեկնումեկի հետ
Ամուսնուս թողնեմ, ու փախչեմ պիտի….
Ու ինձ թվում է` մարդիկ բոլորն էլ
Կյանքում երբևէ չեն ամբողջանում
Զուր կյանք են վատնում սին փնտրտուքում…..



***
Թեքեյանի լեզվով ինձ՝ աղվորս,- ըսիր,
Կամա՜ց սեր ցանեցիր աշնանացած հողիս,
Գիշերներիս մի քիչ անուշ մեղք խառնեցիր
Ու մանանա դարձար անհամ այս օրերիս:
Եվ ժպտացի ես քեզ իմ ժպիտով կիսատ…
Ինչպես հին դարերի մի նոր Մոնա Լիզա,
Հետո թողիր, ըսիր՝ պիտի երթամ…
Ու տխուր ձայն տվիր հեռվեն.
--Էլ չլացես, աղվո՛ր, արցունքներդ ժողվե…


***
Ինձ այստեղ խաչեք, ես Հիսուսը չեմ,
Չեմ Կարող խաչս գողգոթա տանել,
Մեկնած բաժակդ խմել եմ, ո˜վ տեր,
Տտիպ մի համ է մեջս մրուրի:
Թե մինչև այսօր Աստվածամոր պես,
Աղջկաս եմ լոկ կրծքիս սեղմել ես…
Ինձ էլ չեմ տեսնում Տիրամոր դերում,
Ուրիշ Մարիամ է միտքս պղտորում…
Թող ինձ քարկոծեն, շանսատակ անեն,
Մագդաղինացու տեղն էլ սպանեն,
Տիրամոր դերից հոգնել եմ հիմա,
Զզվել եմ արդեն իմ մաքրությունից…


***
Էլ ի~նչ սրճարան, ինձ տար գինետուն,
Խմենք միասին` իմ հին տրուբադուր,
Իջնենք քեզ ծանոթ ձորը Միրոյի,
Մոլորվենք այնտեղ ու չգանք էլ տուն:
Գնանք գտնելու ծաղիկը Գինարբ
Ու դեռ չգտած` բույրից խենթանանք,
Ձեր հին մատուռում աղոթենք մենք լուռ,
Էլ ինչ սրճարան` ո~վ սասունցի ծուռ...


Комментариев нет:

Отправить комментарий