суббота, 8 сентября 2018 г.

Արեգ ԳՐԻԳ-բանաստեղծություններ


Ծրարված հոգու արձագանքը
Կգա՞ մի օր՝
հեռու հեռվից դառնամ ինձ մոտ,
անսպասելի դուռս թակեմ,
լինեմ հյուրս անհրավեր,
նստեմ շեմքիս,
ինձնից պատմեմ ու ինձ լսեմ:
Կգա՞, թե՞ ես պիտի ճամփա բռնեմ,
ինձնից փախչեմ ու ինձ գտնեմ,
աղաղակեմ իմ լռության վիհերի մեջ,
Տիրոջս կորցրած` անաստվածանամ,
սթափեցնեմ հոգուս լարերը ժանտախտ,
ու անտեր մնամ, որ քեզ աղոթեմ.
Մեղա՜, քեզ Տե՜ր...
Եթե կարողանամ
հաշտեցնել անցյալիս խռովքը,
ներկաս մի պահ, գոնե,
հանգիստ շունչ կքաշի,
կնայի վերջապես աչքերիս մեջ.
գուցե նաև բարևն իմ առնի՞:
Որովհետև ապրող օրերիս
դիմագիծը վերածվել է մի գծի.
շեշտակի խրված է բիբերիս հասարակածում:
Կգտնեմ երևի, միայն թե՝ ճանաչեմ դեմքս:
Ո՞վ է լսում
կիսամեռ թարթիչների
աղակալած թրթիռահունց նվագը:
Մռմուռս բյուրեղացել է աչքերիս առջև.
արտացոլանքի մեղեդին
խատուտիկի փաթիլներ է
վեր բարձրացնում, որ մութը շաղվի:
Վերջալույսը,
ամեն օրվա պես,
սղագրում է երջանկությունս,
անհաստատ մտքերիս
խամրած լապտերներն են ճչում.
Չգիտեմ, ու՞մ լսեմ:
Կուռ ափսոսանքներս որտե՞ղ փշրեմ,
որ կտորտանքները տատասկե,
այլևս չնկնեն ոտքիս տակ,
չարյունեն վերքերս կարեվեր:
Հոգուս առանցքն եմ կորցրել
խղճիս նյութված բևեռներում,
առանձգական այս աշխարհում
ինպե՞ս քայլեմ, ինչպե՞ս ջնջվեմ.
մեղայական ո՞ր հոդվածով
նոր կետ գրեմ մեղանչանքիս օրենսգրքում:


Հետգրություն-6
Դու ծաղկեցիր
իմ արևի փոխարեն.
հազարացոլք գույնդ վառման
ինձ նինջ բերեց բույրիդ ծոցում:
Քունը կորցրած պատանու պես`
ագաթե մարմնիդ երանգները
վերծանել կուզեմ.
այնքա՜ն թրթիռ կա
վարսերիդ բողբոջներում...
Թե մի քիչ էլ մոտդ մնամ,
արյունս կաճի, ծիլ կտա,
քո ջերմության հանգերում կհոսի::
Արի նավարկենք այս գիշեր.
Ալիքվել կուզենք՝ իրարից թաքուն:
ՉԷ՞ որ, փնտրելու համար ենք իրար գտել,
դե ե՛կ, կորցնեք իրար,
մոլորվենք անհյուրընկալ ջրերի խորքում,
հետո ջրի երես ելնենք,
ու երես տանք իրար:
Ինձ դող տվեցիր
զեփյուռի փոխարեն.
Անհուն գիշերվա մեջ
հավաքեցի տրտունջներդ բոլոր,
քամուն տվի, դաղեցի ձեռքերս բարկ:
Քեզ հպվելիս՝
տեղը ձեռքերիս կորցրեցի.
անձևացա ու մոռացա
իմ էության ստվերները:
Ոսկեշող արշալույսները ուրացա.
խելագար կարոտիս փրփուրներում եմ դեռ,
թո՛ղ, հմայքդ լուսնին պատմեմ,
գիտե՞ս, որքա՞ն սեր կա լուսնի հակառակ կողմում:
Մի՛ սպասիր ինձանից մաշված խոստումներ.
Գիտե՜ս, չեմ սիրում սիրելու խոսքը կետադրել,
քեզ առանց խմբագրելու եմ սիրում,
սիրում եմ քո կետերը կախման,
թեկուզ՝ մոռացման, բայց վերադարձի…


Նիրվանա
Ցայգալույսի լուրթ ղողանջները
ծլվլում են թարթիչներիդ հյուղակում:
Արի այս առավոտ լույսով խաղանք,
իրար նետենք ավետաբեր սյուքի
նրբադալար փունջը խանդոտ:
Մի ձեռքով քեզ գիրկս առնեմ,
մյուս ձեռքով էլ վարսերիդ մեջ
հոգիս մատնեմ կրքիդ հասու:
Այնպես սիրեմ ադամորդու պես,
որ շոյանքս խրվի քո մեջ,
քո հեշտալից շունչը փռվի
անուրջներիս մեհյանում թավշյա:
Թե գիշերը գոհ-գոհ վերադառնա,
հավատա՜, քեզ տեսնելուն պես՝
լուսանալու երդում կտա:
Անձկության պարտեզներով կհմայվի,
կհեկեկա նուրբ ժպիտով,
կշղթայի լույս գիշերվա հիացմունքը
անթարթ սիրո ապրած էջին:
Քայլի՜ր, ոտքերիդ մեղեդուց
խոտն է պարուրվում,
կանաչում այնքա՜ն,
որ ջինջ երկինքը,
հավերժ աչքերով, բանտվել է ուզում
ոտնահետքերիդ զմրուխտ եղյամում:
Ինչպե՜ս իջեցնեմ քեզ իմ գրկից.
քո ջերմության զովությունից
կախարդվել եմ մակընթացում տարփանքի,
հաճություն եմ հայցում քեզնից՝
տենչալով համբույրներիդ
դատաստանը Եդեմածոր:
Կախարդանքիդ սոնետի մեջ
եվայական քո թովչանքն է գլխապտույտ,
թող անդադար համտեսեմ
խնձորներդ կարմահուր՝
իմանալով որ կքշվեմ
դրախտածին փարթամ այգուց:
Կորցրել եմ ինձ աչքերիս առջև,
ծաղկունքը մարմնիդ դողում եմ իմ մեջ,
արևն է հոսում մեր միջով սրընթաց՝
ղոցաթուրմ սիրո թարմության քողով:
Մերկության բովում դրախտ կերտվեց.
ցայգալույսի լուրթ ղողանջները
ծլվլում են թարթիչներիդ հյուղակում:

Комментариев нет:

Отправить комментарий