воскресенье, 9 сентября 2018 г.

ԱՆԱՀԻՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ-ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ԱՅՍ Ի՞ՆՉ ԵՄ ԱՐԵԼ
Քո տաք հայացքից շատ եմ խենթացել,
Եվ քեզ միշտ մերժել՝ այս ի՞նչ եմ արել…
Հանդիպման մասին շատ եմ երազել,
Միշտ աղոթել եմ, վառվող մոմ դարձել,
Հոգուս տաճարում փայփայել եմ քեզ,
Մատներս մոմ են, այրվող մոմ եմ ես:
Քեզ եմ որոնել սիրո ճամփեքին,
Եվ աչքերիս մեջ ժպիտդ շոյել,
Քո դեմքի լույսն է պահել իմ հոգին,
Եվ քո հայացքը անվերջ շղթայել:
Սիրել ենք մտքով, հուշերով ձուլվել,
Գրկել ենք խաչը մեր հավատամքի
Իրար տենչալով մեկմեկու դրժել,
Ու ծխել խունկը մեր տառապանքի…
Մեր սիրո առջև շա՛տ ենք մեղանչել,
Օրերը հաշվել ու դարձել կարոտ,
Արշալույսներ ենք արցունքով հեղել ,
Բռնել ենք ճամփան բաժանման, ցավոտ…
-Քո տաք հայացքից շատ եմ խենթացել,
Եվ քեզ միշտ մերժել, այս ի՞նչ եմ արել…

ՀԱՄԲՈՒՅՐԻ ԳԻՇԵՐ
Աստղածորուն գիշերն իջավ
Քո գրկի մեջ էս գիշեր,
Ծիրանաբույր համբույրներիդ
Ցողն է շուրթիս էս գիշեր:
Գարնան ծովիկ ծաղկունքի մեջ
Գալարվեցի էս գիշեր,
Գիշերվա պաղ շնչով սաթե
Վարդավառ էր էս գիշեր:
Սիրո գինին ես քամեցի
Գիշերվա մեջ անլուսին,
Գարնանային ծով համբույրի
Վարդաքաղ էր էս գիշեր:
Ամպն էր կախվել երկնի շուրթից,
Աստղաքաղ էր էս գիշեր,
Մի անլուսին գիշերվա մեջ
Ես թաղեցի բյուր գիշեր:


ԱՄՈԹԽԱԾՈՒԹՅԱՆ ՇԱՊԻԿՍ
Ամոթխածության շապիկս դարձավ իմ լուսե պատը`
Փաթիլվեց մարմնիս,
Իսկ սի~րտս, սի~րտս լեռնացավ իմ դեմ
Քարկոծեց բախտիս:
Տարիների մեջ այնպես կարծրացավ,
Որ հոգուս դիմաց դռները փակեց,
Խարազանվեցի նենգ հարվածների հիշողության մեջ`
հույսս խոշտանգեց,
Ու այն միակը ում գրկում այնքա~ն երջանիկ էի
մահի դեմ պարտվեց...
Համրացա ծովի ալիքների մեջ, փոքրիկ նավակիս 
ղեկը կորցրած,
Լեռնացած կյանքի փոթորիկներում անպաշտպան էի
ու հողմահարված,
Իսկ սի~րտս, սի~րտս, հուղարկավորված հին հիշողության
անթաղ զնդանում,
Իմ բոլոր դժվար մաքառումներում տկա~ր էր, անկա~ր
Ու ցավագալա~ր...
Բա՛ց թող, ես գնամ իմ ճակատագի՛ր..
Դարձրիր ինձ պոետ ու տաղերիս մեջ հույսս հնձեցիր,
Բախտիս գերանդին այնպես քաշեցիր, որ անգամ
Վերջին ծաղիկս թոշնեց,
Հորս ու մորս կորստյան ցավից հույսս կարկամեց, 
Կապանքներիդ մեջ մի անմեռ հոգի
պատանքը վառեց...
Մայրության ճիչով հոգիս երկունքվեց`
Աստված ինձ օրհնե~ց......

ՍԵՐՍ ՉՈՒՆԻ ՏԱՆԻՔ
Սիրո տունս, չունի տանիք իմ գլխին,
Դարձա ձմեռ հուշի թևին փաթիլված,
Հույսի շողեր, կուլ գնացիք չար բախտին,
Հոգիս անտուն կարոտից է գինովցած:
Տաք համբույրդ ալեկոծված օվկիանում,
Լույսի շող էր կյանքի հողմերը ցրող,
Սիրո նշխարհ հողմահարված երկնքում,
Սուրբ երկունքի ծիածանն էր իմ շենշող:
Երանի թե ապրեր, կյանքը մեզ ժպտար,
Անդառնալին բախտիս անիվը շրջեց,
Այս աշխարհում սիրտս ցավից է անկար,
Խնկարկումից հոգիս հուշից անձրևեց:
Անմեղ քամին քեզ այցելեց ամեն օր,
Ծաղկաթերթեր փռեց քո թաց շիրիմին,
Արցունքներս հորդեց ամեն Աստծո օր,
Նամակներդ բարուրեցին իմ հոգին:
Աստղերի մեջ դարձար լուսե մի կանթեղ,
Տաք երկնքից նայում ես ինձ ու ժպտում,
Ամեն անգամ լուռ հայացքով քո անմեղ,
Աստղացոլքն ես աչքերիս մեջ հրկիզում:

Комментариев нет:

Отправить комментарий