понедельник, 10 сентября 2018 г.

ՆԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ-ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ԵՐԱԶ ԷՐ, ԹԵ ԿԱՐ
Հավաքում եմ դեռ
մտքերս թափառ,
փորձում հասկանալ՝ 
երա՞զ էր, թե՝ կար:
Անհոգ էի ես,
մի անհոգ աղջիկ`
ամենում չափված
ու շատ միամիտ:
Կայծակի նման
կողքանց նայեցիր
ու քո շանթերով,
ինքդ չզգալով,
կաղնու պես հզոր
սիրտս այրեցիր՝
դարձնելով մոխիր:
Ու առանց սրտի
ապրելով կես դար,
փորձում եմ եզրեր
գտնել ինձ համար`
Երբ դասարանիդ
բաց պատուհանի
կիսաբաց փեղկից,
թաքուն ծիկրակում,
հետևում էիր՝
քո սրտի խորքում
ես տեղ ունեի՞...

Հ Ե Տ Ո Ն
Մի ապավինիր երբեք հետոյին,
Ավաղ նա մի օր կարող է չգալ:
Մի հետաձգիր գործերդ վաղվան,
Քանզի այն արագ կգա ու կանցնի:
Երբ չհասցնես սրտինդ ասել
Կամ ներում խնդրել,
Խիղճ կոչեցյալդ կհոշոտի քեզ`
Չի թողնի քնես:
Երբ որ տառապես դու խղճի խայթից,
Ասված ու չասված անկեղծ խոսքերից,
Լացն էլ չի օգնի...
Բանականությունդ կսկսի խամրել,
Երբ որ հասկանաս, թե ինչ ես կորցրել...
Կանգ առ, բարեկամ,
Քանի չես մտել հուսահատության
Ճանապարհը այն:
Պահեր կան կյանքում,
Որ մի դար արժեն:
Երբ ժամանակին դրանք նկատես,
Մոռացիր իսկույն ոխ-հպարտություն,
Քանի որ հետո` վախկոտ պահվածքով
Դու ես տանջվելու ու տառապելու:
Առաջինը ինքդ քայլ արա,
Որ դիմացին զգա, հասկանա,
Որ դու ուրիշ ես`
Բյուրեղյա սրտով
Եվ կների քեզ
Իր ամբողջ հոգով:
Մի ապավինիր երբեք հետոյին,
Քանզի այդ հետոն եթե չլինի,
Դու շատ կափսոսաս,
Որ կորցրեցիր այն`
Անդարձ, հավիտյան...

Խ Ն Ո Ց Ի
Սենյակի մեջ, հատակին,
փոքրիկ փափուկ ներքնակին,
տատը դրեց խնոցին:
Դույլով մածունը բերեց
ու խնոցու մեջ լցրեց,
տաք, տաք ջուրն էլ վրայից,
որ մածունը լավ հարվի:
Կովի թափանից սարքած
սիրեկ բերեց ու փակեց,
լայն բերանը խնոցու,
ու մի կտոր պարանով,
այնքան ամուր կապկպեց,
որ չբացվի ու հանկարծ
թանը չելնի՝ թափվի ցած:
Հետո նստեց ներքնակին,
ձեռքը տարավ բռնակին
և խնոցին՝ մածնով լի,
տարավ-բերեց հատակին:
Այնքան արեց վեր ու վար,
մածունն հարվեց՝ դարձավ թան:
Իսկ հարելու ընթացքում
փոքր անցքից խնոցու
ծառի ոստն էր ներս խցկում,
որի վրա հարվածքի
կաթիլներն էին նստում:
երբ որ ոստը յուղոտվեց,
տատն ասած՝ պատրաստ է:
Երկու դատարկ դույլերում
ամբողջ թանը դատարկեց
ու վերևին կուտակված
փրփուրները հավաքեց,
սառը ջրով ամանում
լցրեց, խառնեց ու քիչ անց՝
յուղի գնդեր երևաց:
Տատը գնդերն հավաքեց,
ձեռքերի մեջ գունդ արեց:
Մի դույլ թանից ղազղանով
դրեց վառվող կրակին,
ու առանց այն խառնելու
համով կաթնաշոր սարքեց,
յուղի գունդը թանախառ,
կաթնաշորին նա դրեց:
Թանից էլի մի ղազղան,
մեջը բրինձ լցնելով,
շերեփն առած, խառնելով,
համեղ սպաս պատրաստեց:
Մյուս դույլի թանը նա,
լցրեց մաքուր քսակում,
ու բարձր տեղ կախելով,
ջրքամ արած ցանեց աղ
ու դարձրեց ցխաթան։

Комментариев нет:

Отправить комментарий