четверг, 6 сентября 2018 г.

Աիդա Տոնոյան-բանաստեղծություններ


* * *
Բա՛վ է ձեր հոգու կեղտոտ լվացքը,
Փռեք սուրբ Երկրիս պարանի վրա...
Դուք խիղճ ու հոգի և Աստված չունե՞ք,
Թե՞ նեռադավ եք և ծախվող Հուդա։

Այլևս բավ է, որքան փռեցիք,
Որքան դավեցիք, ծախվեցիք որքան...
Ձեր հոգու կեղտը չեք կարող կոծկել,
Տեսանելի է այն կույրին անգամ։

Դու՛ք ի՞նչ զավակ եք, Երկրիս արգանդը
Չէր կարող ձեզ պես զավակներ ծնել...
Դուք՝ նեռասերված և ապորինի
Անորոշ, անսեռ ինչ-որ քածեր եք։

Բավ չէ նստել եք Երկրի ուսերին,
Ա՜խ, թիկունքից էլ դեռ հարվածում եք,
Ցավագարել եք մարմինը Երկրի,
Մորեմերկել ու բռնաբարել եք...

Ձեր հոգու կեղտոտ լվացքն հավաքեք
Երկրի պարանից և հայդե բաբամ...
Երկրի պարանին թող մոտ գա լոկ նա,
Ով ճերմակ սրբիչ կփռի վրան։


* * *
Ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը,
Որ սիրո ցավից մղկտում եմ Տեր,
Բայց թե քո տված արցունքի ծովը
Ա՜խ, մինչև օրս դեռ չի ցամաքել։

Արցունքի ծովում լողորդ ես դարձել,
Էլ ինչի՞ս է պետք քո փրկօղակը,
Թող խեղդվեմ պրծնեմ, քո ինչի՞ն է պետք,
Իմ անսեր կյանքը փրկագնելը։

Թե որ էլ կրկին սիրո տաճարում,
Չպիտի վառեմ ի՛մ սիրո մոմը,
Ի՞նչ իմաստ ունի կասե՞ս ինձ Տեր իմ,
Քո փրկելն ու իմ անսեր ապրելը...


* * *
Ջահե՛լ, ունևո՛ր օրերս բաժանել,
Էսօր նայում եմ Աստծո ձեռքին,
Թե որ մի բան տա ներկաս ապրեցնեմ,
Որ չխփեմ էս տարիքիս գլխին։

Շռայլել եմ Տե՜ր, օրերս անխնա,
Ուրախը՝ տվել տխրամածներին,
Վաստակած օրս մատաղ եմ արել,
Անճարակ, ու խեղճ կարիքավորին։

Անտերին՝ տերով օրերս եմ տվել,
Ջրառատ օրս՝ տվել ծարավին,
Հացվոր օրերս տվել եմ Տեր ի՛մ,
Հաց ողորմացող մուրացիկներին։

Տվել եմ Տեր ի՛մ ու չեմ ծրարել,
Չեմ պահել օրերս նեղ օրվա համար,
Ու լայն օրերս եմ բաժանել Տեր իմ,
Նեղ օրը ընկած քո մարդու անճար։

Ու տաք օրերս եմ տվել անխնա,
Չեմ պահել իմ ցուրտ օրերի համար,
Եվ լույս օրերս եմ զոհաբերել Տե՛ր ,
Նրանց մթամած օրերին խավար։

Ջահե՛լ, ունևո՛ր օրերս բաժանել,
Էսօր նայում եմ Տեր ի՛մ քո ձեռքին,
Գոնե էնպիսի մի օր տուր ինձ Տե՛ր,
Որ չխփեմ է՛ս տարիքիս գլխին։

2 комментария: