четверг, 6 сентября 2018 г.

Անժելա Ամիրխանյան-բանաստեղծություններ


***
Սեր…
Քո բոլոր գույներում ես կամ.
Մրգահյութ ճիչս աշունն է երկնել
Ու դարձել իմ նկարիչը…
Վառ ու թախծոտ պատկերները
Շուլալել է անձրևի սլացիկ կաթիլներով
Ու տերևազարդել։
Իմ նկարիչը վրձին չունի՝
Մատներով մաքրում է դիմափոշիս
Ու նոտագրում շուրթերս¸
Ուր քո մասին երգերը
Սկսվում են ամենամաքուր նոտայից
Ու կախվում հոգուս զանգակատանը։
Հիմա ես նռան մեջ նստած
Հատիկներն եմ շարում խնամքով¸
Հայելին չգիտի այս մասին¸
Հո¸ ամեն ինչ չե՞մ ասի հայելուն¸
Թող հմայվի գեղանի կնոջ արտացոլանքով…
-Աշուն-նկարի′չ¸ արեգակնե՜ր նկարիր աչքերիս։


ՕՏԱՐ ԱՌԱՎՈՏ

Ճայի կռինչը
Սեր խոստովանեց
Ծեր արշալույսին,
Ծվարած լույսը
Խանդահար ծորաց
Լլկված ամպերից,
Ականջս՝ հլու գորտահամերգի
Անդուր կռռոցին,
Շանթահար ճայթեց
Բադի կտուցին…
Անբույր ժպիտով
Ճահճուտում բացվեց
Ջրաշուշանը,
Բամբասանքները
Կապիչներ դարձան
Ոտնահետքերին,
Ալիքվող ծովը
Խնջույքի վերջին
Ակորդը զարկեց,
Ծաղկանց ոստանում
Սերը համեմվեց
Ու կյանք ավետեց…
Մի անմեղ կարոտ
Շոյեց ուսերս,
Անհագ համբուրեց
Պարանոցս թաց…
Իմ տաքուկ գրկում
Լուռ բնավորվեց:



***
Շղարշե շրշյու′ն,
Չպայթե′ս հանկարծ.
Քո երակներում բոթացնցուղ է,
Ելևէջներիդ թարթիչները թաց
Իջեցրու կամաց,
Որ գտնեն ճամփան,
Ճամփան ետդարձի:
Չէ՜…չե′մ ուշացել քո ժամանակից,
Մեկնի′ր ինձ հույսի հրաշալույսը,
Որ ծոպեր կարեմ
Ճերմակ շղարշիդ,
Անսանձ շրշյունից
Ոչի՜նչ չմնա՝
Այդ լույսից բացի:



ՈՒՇԱՑԱԾ ՈՐՈՇՈՒՄ

Այս գիշերը նմանվեց
Այն կաշվե վերարկուին,
Որ այդպես էլ
Կախված մնաց քո պահարանում:
Անուրջներս պահ տվի
Լուսնագեղ ստվերներին,
Բայց ապտակի հետք տեսա
Լուսնի փթթող երեսին:
Թախծաբով քուրաներում
Համառություն ես գտա.
Դարձա ծաղիկ
Լանջին իմ Մասիսի,
Որի կուռ անձավներում,
Տիեզերքը՝ վկա,
Ժամանակն է ծածուկ
Իր հանդերձը փոխում:
Ու փեշերից նրա
Բեկված երազների
Թերթիկներ են թափվում՝
Որպես գողոն,
Եվ լցվում են, լցվում
Աղոթքներով բազում,
Մամռոտ անձավները իմ Մասիսի:
Գնամ… գնամ հասնեմ.
Մանր ու միջին անեմ,
Հուլուք-հուլունք շարեմ
Երազները բոլոր.
Թող աղավնի դառնան՝
Սարս ամուր պահեն,
Հայերը շուտ տուն վերադառնան:
Ու թևանցուկ անեմ
Թռչող ժամանակին,
Եթե վերից տեսնես՝
Չբարկանա՜ս…
Քո կաշվե վերարկուն,
Պահարանը քո հին,
Որոշել եմ...
Կնվիրեմ ես ժամանակին:

Комментариев нет:

Отправить комментарий