четверг, 6 сентября 2018 г.

Հայուհի Սուսաննա Ղազարյան-բանաստեղծություններ


ԱՇՈւՆ
Հոգիս աներդիկ, խարխլված տուն է.
Մի բուռ կարոտ է իր ներսում պահել,
Հոգիս թռչունի ավերված բույն է,
Որ լուռ թախիծ է իր մեջ ամբարել:
Աշո'ւն, քո ոսկե հանդերձը ցավ է.
Ոսկիներիդ մեջ արևներ չկան,
Աշո'ւն, քո կարմիր հեքիաթը դավ է,
Որ հրդեհում է ամեն-ամեն բան:


ԿԱՐՄԻՐ Ու ՍԵՎ
Նրանք անհատույց սերեր են թաղում. 
Նրանք վերջացած որկրամոլներ են: 
Մի թոշնած կին իր աղունն է մաղում, 

Իսկ քո շուրթերին մաշված բառեր են…

Նրանք ինչ-որ տեղ բախտից բողոքում, 
Բայցև զեխության ջատագովներ են, 
Նորից ձյունել է մի թշվառ աշուն, 
Հոգուս մեջ անթիվ պարտված ժամեր են…

Նրանք պանդոկում հեգ կյանք են մաշում. 
Գինու մեջ կարմիր-կարմիր ցավեր են, 
Քո վերադարձին էլ չեմ սպասում. 
Օրը սևազգեստ` տունս ավեր է…



ՎՐՁՆԻ'Ր ԻՆՁ...
Վրձնի'ր ինձ...
Վրձնի'ր այնպես, որ արևի նման հալվեմ
Ցրտից պաղած ու ճաքճքված հոգիներում:
Մանկան նման անհոգ ժպտամ,
Եվ հայացքս ծիածանվի կապույտներում`
Եթերային ու հուրհրան,
Ասես երբեք ցավ չի տեսել:
Վրձնի'ր այնպես, որ աչքերիս բների մեջ
Հար բնակվող այս կարոտը կույր ձևանա,
Որ իմ հոգին կտցահարող փայտփորիկը
Դառնա քնքուշ մի ծիծեռնակ,
Բնավորվի, հավետ մնա:
Որ օդի պես թանձր նստած այս հեղձուկը
Չծանրանա իմ ռունգերում:
Վրձնահարի'ր փաթիլների նման ճերմակ
Ու լուսազգեստ...
Թող որ քայլեմ փողոցներում`
Որպես ավետիսը գարնան:
Ու ծաղկակար երկինքներից թող որ նորից
Անձրև տեղա` հույսի անձրև.
Դե', վրձնի'ր ինձ...


ԱՆՀԱՍՑԵ ԿԱՐՈՏ
Այս խնկաբույրը պաղ գերեզման է.
Ես տերևներն եմ աշնան սրբագրում,
Հեռվում լուսավոր իմ Երևանն է,
Ու քո տաք գիրկը, որ ինձ է կանչում:
Ես եմ հորինել աշնանամուտը.
Վրձնել գույներով այնքան հոգեմոտ,
Դրսում վայում է անողոք ցուրտը,
Ու մենությունս` կաղ ու հիվանդոտ:
Դու սպասո°ւմ ես իմ վերադարձին,
Թե° խնկաբույրը խենթ քամին տարավ,
Արդյոք հիշո°ւմ ես այն աղջնակին,
Որ դողդոջ ձեռքդ ափի մեջ առավ:
Այս խնկաբույրը պաղ գերեզման է,
Ես անձրևներն եմ աշնան սրբագրում,
Հեռվում ինձ կանչող իմ Երևանն է,
Ուր իմ անհասցե կարոտն է շրջում…

Комментариев нет:

Отправить комментарий